Data Engineering դասընթացը նոր դռներ կբացի դեպի DataScience
PMI Science R&D կենտրոնը, Krisp-ն ու Armenian Code Academy-ն մեկնարկում են Data Engineering (տվյալների ճարտարագիտություն) վերապրոֆիլավորման անվճար դասընթաց, որը 1-2 տարվա փորձ ունեցող ծրագրավորողներին ամենաարագ աճող ճյուղերից մեկում մասնագիտանալու եւ եկամուտները կրկնապատկելու հնարավորություն կտա։
Ի՞նչ նպատակ ունի ծրագիրը
«Մեզ մոտ կան թափուր հաստիքներ եւ դրանց ավելացման պոտենցիալը շատ մեծ է։ Դրանից ելնելով՝ Հայաստանում այս ուղղվածությունը մեր կենտրոնում զարգացնելու գաղափար ծնվեց։ Որոշեցինք, որ ոչ թե այլ ընկերություններից մարդկանց գրավել եւ բերել մեզ մոտ աշխատելու, այլ մեծ ներդրում անել եւ «գեներացնել» այդ մասնագետներին։ Նաեւ չուզեցինք ինքնուրույն անել եւ մտածեցինք համագործակցել ՏՏ ընկերությունների հետ, որոնք մեզ պես մասնագետներ գտնելու, աճեցնելու «տառապանքներով» են անցնում»,- ասում է PMIScience-ի Տվյալագիտության բաժնի ղեկավարը։
Նարեկ Մելքոնյանը
Որոշ ուսումնասիրություններից հետո որոշում են համագործակցել Armenian Code Academy-ի եւ Krisp-ի հետ։ Armenian Code Academy-ն զբաղվում է բոլոր կազմակերպչական հարցերով, ծրագրի ֆինանսավորումը տրամադրում են Philip Morris International-ը եւ Krisp-ը:
«Վերապրոֆիլավորման նման ծրագիր Հայաստանում առաջին անգամ է իրականացվում։ Առաջին խումբը, հավանաբար, կլինի մոտ 20 հոգի, բայց մենք նախատեսում ենք հետագայում եւս անցկացնել այս դասընթացը»,- ասում է Նարեկ Մելքոնյանը։
Նարեկ Մելքոնյանը եւ Մարի Թարյանը
Ովքե՞ր կարող են դառնալ մասնակից
Դասընթացի համար մասնակիցները չեն վճարում, բոլորը ծախսերը հոգում են PMI-ը եւ Krisp-ը։ 2,5 ամիս տեւողությամբ դասընթացին դիմելու համար հարկավոր է ծրագրավորման որեւէ լեզվի (SQL), ծրագրավորման հիմունքների եւ անգլերենի միջին մակարդակի իմացություն, ծրագրային ապահովման ճարտարագիտության (Software engineering), տվյալների բազայի (DBA) կամ համակարգերի ադմինիստրացիայի (system administration) աշխատանքային փորձ։
Ընդունելությունը երկու փուլով է լինելու՝ քննություն (մաթեմատիկա, տրամաբանություն, ծրագրավորման առաջադրանքներ) եւ հարցազրույց։
Նարեկ Մելքոնյանը
Դասընթացը սկսնակների համար չէ, ծանրաբեռնվածությունը բավական խիտ է լինելու, ուստի՝ մասնակիցները պետք է լավ գիտակցեն, որ իրենցից առավելագույնն է պահանջվելու։ Դասընթացը վարելու են հիմնական դասախոսն ու դասախոսի ասիստենտը։ Նարեկ Մելքոնյանն ասում է, որ ավելի քան 200 դիմում են ստացել եւ ընդունելությունը մրցակցային է լինելու։
Նարեկ Մելքոնյանը
Ինչո՞ւ դիմել ծրագրին
Հատուկ մշակված ծրագրով դասընթացը մասնակիցներին խոստանում է զինել տեսական եւ գործնական գիտելիքներով, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտողներից մի քանիսը կկարողանան աշխատանքի անցնել PMI Science կենտրոնում եւ Krisp-ում։
«Իհարկե, նման ծրագրերի դեպքում ֆինանսավորող կազմակերպությունները ցանկանում են, որ ավարտող մասնակիցներն իրենց մոտ աշխատանքի անցնեն։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ մեր եւ Krisp-ի միջեւ մշակութային տարբերություն կա․ իրենք ստարտափ են եւ դրանով հետաքրքրված մարդկանց են փնտրում, մենք՝ ավելի ձեռնարկատիրական մշակույթով հետաքրքրված մարդկանց։ Այսինքն՝ երկու տարբեր ուղղություններ են, եւ մասնակիցներն իրենք կընտրեն՝ որտեղ աշխատել»,- ասում է Նարեկ Մելքոնյանը։
Նա նշում է, որ դասընթացը ՏՏ ոլորտում աշխատած այն մարդկանց համար է, որոնք գիտակցում են, որ շատ ավելիին կարող են հասնել։
Նարեկ Մելքոնյանը
Ի՞նչ հեռանկար ունի մասնագիտությունը
PMIScience-ի Տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանն ասում է, որ Data Engineering-ն այսօր ամբողջ աշխարհում պահանջված մասնագիտություն է։
«Տվյալների քանակը շատացել է, եւ որպեսզի վերլուծաբանները կարողանան աշխատել դրանց հետ, հարկավոր են մասնագետներ, որոնք կպատրաստեն տվյալները։ Այդ ամենը տվյալների ճարտարագետներն անում են տարբեր գործիքների միջոցով»,- ասում է Նարեկ Մելքոնյանը՝ շեշտելով, որ այս մասնագետների պահանջարկն ամբողջ աշխարհում մեծանում է, եւ անկախ գտնվելու վայրից՝ միշտ հնարավոր է լավ վարձատրվող աշխատանքով զբաղվել։
Նարեկ Մելքոնյանը
Նա նկատում է, որ Հայաստանում կան ծրագրավորման ոլորտի մասնագետներ, բայց մենք չենք կարող մրցունակ լինել քանակությամբ, օրինակ՝ Հնդկաստանի հետ, որտեղ ծրագրավորողները ժամը մի քանի անգամ ավելի էժան կարող է աշխատեն։
«Պետության համար շատ հետաքրքիր մոդել է՝ ոչ թե մրցել ծրագրավորողների քանակով, այլ նրանց՝ շատ ավելի բարձր որակավորմամբ, պահանջարկով եւ վարձատրությամբ»,- ասում է Նարեկ Մելքոնյանը։
Ուրիշ ի՞նչ ծրագրեր է անում PMIScinence-ը Data Science-ում
Նարեկ Մելքոնյանն ասում է, որ կենտրոնը զբաղվում է տվյալագիտության բոլոր ուղղություններով եւ բոլորը հավասարապես կարեւորում են։ PMIScinence-ը, բացի էկոհամակարգում ներդրումներից, նաեւ համագործակցում է շուկայի այլ ներկայացուցիչների եւ համայնքի հետ։
Նարեկ Մելքոնյանը
«Վերջերս մասնակցեցինք DataFest-ին, որի գլխավոր հովանավորներից էինք։ Այսպիսով՝ մենք բաց չենք թողնում համագործակցության որեւէ հնարավորություն»,- ասում է նա։
PMIScience-ի Տվյալագիտության բաժինը այլ ծրագրեր էլ ունի, մասնակցելու են տվյալագիտության թեմայով գիտաժողովներին, իրենք են կազմակերպելու միջոցառումներ կամ ներկա են լինելու մյուս բոլոր հարթակներում ու նաեւ հովանավորելու են դրանց կայացումը։
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի