«Տվյալների գիտությունը բիզնեսում» ծրագրի 19 ուսանող կրթաթոշակ է ստացել
ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի 19 ուսանող կրթաթոշակ է ստացել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science կենտրոնի ֆինանսավորմամբ։
Ուսանողներին կրթաթոշակների հանձնման արարողությունը կայացել է նոյեմբերի 9-ին՝ ISTC-ում։
PMI Science-ի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանն ասել է, որ մագիստրոսական ծրագիրն իրականացվում է արդեն 4 տարի եւ «արդյունավետության հիմնական ցուցիչն այն է, որ ընդունված ուսանողները դեռ կրթության առաջին տարում արդեն աշխատանք ունեն»։
«PMI Science-ը՝ լինելով այս ծրագրի մաս, ինքն է մրցակցության մեջ մտնում, որպեսզի հետագայում այդ ուսանողներին ուղղորդի դեպի կենտրոն։ Երբ սկսում էինք, սա միակ ծրագիրն էր, բայց ԵՊՀ-ն արդեն նման մեկ այլ կրթական ծրագիր էլ է մեկնարկել, սա ուղղակի հաղթանակ է»,- ասել է Վահե Դանիելյանը։
Վահե Դանիելյանը
Ծրագիրն իրականացնում են Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ)` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), ISTC-ի հետ համատեղ եւ PMI Science-ի աջակցությամբ։
«Այս բազմաճյուղ համագործակցության արդյունքները զգալու ենք մոտակա ժամանակներում։ Մենք փորձելու ենք ամեն ինչ անել որակյալ կադրեր թողարկելու եւ ժամանակակից աշխարհին համահունչ քայլելու համար»,- միջոցառման ժամանակ ասել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը։
Հովհաննես Հովհաննիսյանը
Շուկայի պահանջներին համահունչ եւ միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված կրթական ծրագիրը պատրաստում է տվյալագետներ, որոնք կարող են ձեւակերպել խնդիրներ, մշակել խնդիրների լուծման ալգորիթմները եւ գտնել այդ ալգորիթմների իրականացման ծրագրային լուծումներ։
Այս ծրագրի գործընկերներն են ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանը եւ NVIDIA խորը ուսուցման ինստիտուտը։ Ուսանողները հնարավորություն ունեն 2-րդ կուրսից ուսումը շարունակել ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ եւ պրակտիկա անցնելով Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։
«Ծրագիրն օրինակելի է Հայաստանի համար, քանի որ փորձարկվում է մի մոդել՝ Հայաստան բերել երկակի դիպլոմի գաղափարը։ Սա, կարծում եմ, օրինակելի մոդել կդառնա նաեւ մյուս բուհերի համար»,- ասել է ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Բագրատ Ենգիբարյանը
«Դատելով իմ այցի ընթացքում տեսածիցս եւ PMI Science-ի գործընկերների հետ շփումներից, կարող եմ ասել, որ շատ հաճելիորեն զարմացած եմ»,- Մեդիամաքսին ասել է Philip Morris International (PMI) ընկերության Նորարարության եւ համագործակցության ղեկավար Մարկո Բրունացոն եւ նշել է, որ ընկերությունը ներդրումներ է անում կրթության մեջ, որովհետեւ կրթությունից է սկսում ամեն ինչ, այդ թվում՝ նորարարությունը։
«Մենք պետք է գտնենք վայրեր, որտեղ էկոհամակարգի ստեղծման համար պարարտ հող կա, եւ նման ծրագրերում ներդրումները հաղթանակ են բոլոր կողմերի՝ թե՛ մասնակիցների, թե՛ երկրի, թե՛ էկոհամակարգի եւ թե՛ ֆինանսավորող ընկերությունների համար»,- ասել է Մարկո Բրունացոն։
Մարկո Բրունացոն
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի դասավանդումն իրականացվում է կրթական ոլորտի, ընկերություններում աշխատող եւ հրավիրված լավագույն մասնագետների կողմից: Դասընթացների մի մասն անցկացվում է գործընկեր կազմակերպություններում, ինչն ուսանողներին հնարավորություն է տալիս լուծել կիրառական խնդիրներ եւ ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին: Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 63 ուսանողների։
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի