Երեւանում ներկայացվել են Իրերի համացանցի (IoT) առավելություններն ու ռիսկերը

Իրերի համացանցի (Internet of Things-IoT) սարքերի սպառման քանակն աշխարհում աճում է, ուստի կարեւոր է պահպանել IoT անվտանգությունը՝ ինչպես կազմակերպությունների, այնպես էլ վերջնական օգտագործողների տվյալները պաշտպանելու համար:

Philip Morris International-ի Շվեյցարիայի գրասենյակի Որակի վերլուծության մենեջեր Մարտինո Ռուջիերոն Հայաստանի Ամերիկյան համալսարանում ներկայացրել է IoT անվտանգության մարտահրավերներն ու զարգացման լավագույն փորձը։ Նրա խոսքով՝ «գլոբալ ցանցին միացված ամեն բան կարող է հաքերային հարձակման ենթարկվել»։

 

Մարտինո Ռուջիերոն


Մարտինո Ռուջիերոն ավարտել է Բոլոնիայի համալսարանի էլեկտրոնային համակարգչային ճարտարագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան, հետո տեղափոխվել է Շվեյցարիա եւ աշխատել է Լոզանի ճարտարագիտական պոլիտեխնիկական դպրոցում (EPFL), որտեղ էլ սկսել է մասնագիտանալ IoT սարքերի վրա։

Philip Morris International-ի թիմին միացել է 2019 թվականին, զբաղվել է IoT-ի հետ կապված պրոդուկտների զարգացմամբ` կենտրոնանալով hardware եւ software անվտանգության, LORA, SYTOX եւ այլ նոր կապի պրոտոկոլների վրա։ Վերջին երկու տարին կառավարում է ընկերության Որակի վերլուծության թիմը։

 

Մարտինո Ռուջիերոն


Երեւանում նրա վարած դասընթացը ուսանողներին հնարավորություն տվեց մասնագիտական կարեւոր գիտելիքներ ձեռք բերել ու ինսայթներ ստանալ IoT անվտանգության, արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ժամանակակից կիրառությունների վերաբերյալ։

Ներկայացնում ենք մի քանի հատված Մարտինո Ռուջիերոյի երեւանյան դասախոսությունից:


3 տեխնոլոգիաներ


Մենք ապրում ենք շատ հետաքրքիր դարաշրջանում, որտեղ ունենք 3 հիմնական դատա տեխնոլոգիաներ։ Մի կողմում Իրերի համացանցն է (IoT) եւ Մեծ տվյալները (Big Data), որը հնարավորություն է տալիս պահել ու համակարգել ահռելի քանակությամբ տվյալներ, մյուս կողմում՝ AI (Արհեստական բանականության) վերլուծություն, որն արդեն հնարավորություն է տալիս ազդել տվյալների հետագա գործածման վրա։

 

 

IoT սարքը պետք է ունենա նվազագույնը երեք բաղադրիչ. 1. սենսորներ, որոնք հավաքում են տվյալները, 2. պրոցեսոր, որն օգտագործվում է տվյալների վերամշակման համար, 3. կապ։ Ամենապարզ բացատրությունը սա է։ Կարող եք ունենալ բազմաքանակ նմանատիպ սարքեր, բայց դրանք որեւէ իմաստ չեն ունենա, եթե չկարողանան աշխատել տվյալների հետ, փոխանցել դրանք միմյանց կամ էլ մեզ՝ վերջնական օգտատերերիս։

Մեր կողքին կարող ենք գտնել բազմաթիվ սարքեր, որոնք, օրինակ, վերահսկում են սենյակների ջերմաստիճանը, օդի խոնավությունը եւ այլն։

 

 

IoT սարքերի սպառման քանակն աճում է։ Առ այսօր վաճառվել է 11 միլիարդ IoT սարք։ COVID-19-ի հետեւանքով աճի տեմպը փոքր-ինչ նվազել էր, բայց, կանխատեսումների համաձայն, մինչեւ 2025 թվականն աշխարհում 27 միլիարդ IoT սարք կլինի։


Ամենալուրջ մարտահրավերը


Գրեթե ամեն օր մենք տեղեկանում ենք տվյալների անվտանգության հետ կապված խնդիրների մասին։ Եվ սա ոլորտի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է։

Հաքերները կարող են տեսախցիկների եւ այլ սարքերի հասանելիություն ստանալ եւ կազմակերպել IoT հարձակումներ։ Գլոբալ ցանցին միացված ամեն բան կարող է հաքերային հարձակման ենթարկվել։

 

 

Ըստ մոնիտորինգի տվյալների՝ միայն 2021 թվականին 1.5 միլիարդ հաքերային հարձակումներ են հայտնաբերվել IoT սարքերի վրա։ Հատուկ փորձարկման նպատակով մեկ սենյակում տեղադրել են միմյանց հետ կապված IoT սարքեր։ Մեկ շաբաթվա ընթացքում դրանց վրա ավելի քան 1000 հաքերային հարձակման փորձ է արձանագրվել։

Սարքը համացանցին միացնելու առաջին 5 րոպեների ընթացքում ինչ-որ մեկն արդեն փորձում է հասանելիություն ստանալ դրան, ուստի հարկավոր է պաշտպանվելու միջոցներ գտնել։

 

Մարտինո Ռուջիերոն


Եվրոպայում, ԱՄՆ-ում գործում են մի շարք նախաձեռնություններ, պետական կառույցներ, որոնք օգնում են նվազագույնի հասցնել հաքերների սպառնալիքը։

Մշակվում են ծրագրեր, ուղեցույցներ IoT պրոդուկտներ արտադրող ընկերությունների, ծրագրավորողների համար։ Սակայն դեռեւս չկա պաշտպանության ամբողջական համակարգ, որը կներառեր անվտանգության ապահովման բոլոր կողմերը։ Սա նաեւ տարբեր երկրների ու կառույցների համագործակցության բացի հետեւանք է։ Լրացուցիչ խնդիր է այն, որ հարձակումներ կարող են լինել ինչպես IoT սարքի գլոբալ համացանցին միանալու սերվերների շղթայի, այնպես էլ վերջնական օգտագործողի հավելվածի ուղղությամբ։ Այնպես որ,
եթե ցանկանում եք նախագծել ու մշակել IoT սարք, պետք է հենց սկզբից հաշվի առնել բոլոր ռիսկերը։

Նունե Գրիգորյան

«PMIScience»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: