PMI Science-ը ֆինանսավորում է տրամադրել գիտահետազոտական 10 թիմի

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքում գործող համալսարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական 10 թիմ ստացել է շուրջ 7,4 մլն դրամ ֆինանսավորում:

«Նախաձեռնությունը 4 տարվա պատմություն ունի ու այս ընթացքում մենք ակտիվ համագործակցում ենք Philip Morris International (PMI) ընկերության հետ: Դրամաշնորհը կոչվում է Ֆակուլտետային (Faculty Research Funding). սա նշանակում է, որ թիմը չի կարող ուղիղ դիմել այն ստանալու համար, հայտը պետք է ներկայացնել համալսարանի կամ գիտահետազոտական ինստիտուտի միջոցով:

Ցանկանում ենք, որ գիտնականները ոչ միայն ստանան ֆինանսավորում, այլեւ ստեղծեն ու զարգացնեն միջավայրը, որում աշխատում են: Ամեն թիմ ստանում է 15 հազար ԱՄՆ դոլար», - դրամաշնորհների հանձնման արարողությանն ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

 

Բագրատ Ենգիբարյանը

 

Ներկայացվող ծրագրերը տարբեր են ու ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա.

«PMI Science-ի միջոցով կարողանում ենք աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում կա գիտություն ու կան հետաքրքիր հետազոտություններ», - ասել է Բագրատ Ենգիբարյանը:

 

Լուկա Ռոսին

 

Philip Morris International (PMI) ընկերության պրոդուկտների եւ տեխնոլոգիական պրոցեսների գծով փոխնախագահ Լուկա Ռոսին ասել է, որ PMI-ը ներդրումներ է անում այնտեղ, որտեղ տեխնոլոգիաների, գիտության ոլորտում ներուժ է տեսնում.

«Հայաստանը երկիր է, որտեղ ցանկանում ենք ներդրում կատարել եւ նման ծրագրերը շարունակական են լինելու: Այսօր իմացա, որ ասպիրանտներից մեկը, որին աջակցել էինք տարիներ առաջ, հիմնել է սեփական ընկերությունը: Սա ինձ համար ոգեւորիչ է, որովհետեւ տեսնում ես՝ աջակցությունն իսկապես դրական ազդեցություն է թողնում մարդկանց ու հասարակության վրա», - ասել է Լուկա Ռոսին:

 

 

Այս տարի դրամաշնորհ ստացած հետազոտական թիմերից մեկի ղեկավար, Հայ-ռուսական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի եւ քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Հայրապետյանը կարեւորել է մասնավոր ընկերությունից դրամաշնորհ ստանալու հանգամանքը.

 

Դավիթ Հայրապետյանը

 

«Մեր հետազոտությունը վերաբերում է քվանտային նանոկառուցվածքների կիրառությանը նոր՝ քվանտային ինֆորմատիկայի եւ քվանտային օպտիկայի ոլորտին։ Սա բավականին նոր ուղղություն է աշխարհում: Ցանկանում եմ ընդգծել, որ գիտական խմբի համար ինչ-որ տեղ մարտահրավեր է՝ ֆունդամենտալ գիտությամբ զբաղվելով՝ մասնավոր ընկերությունից դրամաշնորհ ստանալը: Սա կարեւոր է, քանի որ նշանակում է, որ հետազոտությունը հետաքրքիր է նաեւ մասնավոր ընկերությանը», - Մեդիամաքսին ասել է Դավիթ Հայրապետյանը:

 

 

Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանի թիմը PMI-ի այս դրամաշնորհը ստացել է անցյալ տարի:

 

Արամ Սահարյանը

 

«Մեր թիմի հետազոտության հիմնական նպատակը եղել է կիրառել մեր կողմից կատարված հիմնարար հետազոտություններն այնպիսի ուղղություններում, որոնք կարող են տնտեսական արդյունքների բերել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում գիտությունը խիստ թերֆինանսավորված է ու նման աջակցությունները շատ կարեւոր են: PMI-ի կողմից տրված ֆինանսավորման շնորհիվ կարողացել ենք երկու գործուղման մեկնել ու համատեղ փորձեր իրականացնել իտալացի գործընկերների հետ՝ տեղի սարքավորումներով: Նման ծրագրերի շնորհիվ հաջողվում է երիտասարդներին պահել գիտության մեջ, մեր թիմի հինգ անդամներից չորսը երիտասարդներ են», - ասել է Արամ Սահարյանը:

 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրի (Faculty Research Funding) շրջանակներում աջակցություն է տրվում հետեւյալ ոլորտներում աշխատող հետազոտական թիմերին՝

Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
Բուսաբանություն և թունաբանություն
Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
Վերլուծական քիմիա:

2018 թվականից ծրագրի շահառու է դարձել 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 45 հետազոտական թիմ:

Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

«PMIScience»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: