10 ասպիրանտ կրթաթոշակ է ստացել PMI Science-ից
Հայաստանում գործող հետազոտական հաստատությունների եւ համալսարանների 10 ասպիրանտ կրթաթոշակ է ստացել PMI Science գիտահետազոտական կենտրոնից։
PMIScience-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրի հերթական կրթաթոշակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին՝ PMI Science-ում։
Ծրագրի 10 հաղթողները հնարավորություն կունենան իրենց հետազոտական աշխատանքների մշակման ընթացքում աշխատել միջազգային առաջատար փորձագետների եւ մենտորների հետ, ինչպես նաեւ մեկ տարի շարունակ ստանալ ամսական 370 000 դրամ կրթաթոշակ։
Վահե Դանիելյանը
«Մեզ համար պատիվ է, որ ձեզ նման ասպիրանտները մեր կենտրոնում են, եւ մենք մաս ենք կազմում ձեր հաջողության, որը այսօրվա եւ վաղվա Հայաստանում լինելու է։ Միակ խնդրանքս է, որ նույն եռանդով եւ ուժով շարունակեք, որովհետեւ այն, ինչ դուք անում եք այսօր, միտված է Հայաստանի ապագային»,- ասել է PMI Science-ի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը։
Կրթաթոշակի նպատակն է ապագա խոստումնալից գիտնականներին օգնել կենտրոնանալ գիտական աշխատանքների վրա եւ չմտածել զուգահեռ գումար վաստակելու մասին։
Philip Morris International (PMI) ընկերության պրոդուկտների եւ տեխնոլոգիական պրոցեսների գծով փոխնախագահ Լուկա Ռոսին Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում կա շատ ուժեղ գիտական եւ կրթական հիմք, հետազոտական ինստիտուտներ, իսկ PMI-ը պարզապես աջակցում է այդ ամենին՝ ուսանողների ու ասպիրանտներին կրթաթոշակներ եւ գիտական խմբերին ֆինանսավորում տրամադրելով։
Լուկա Ռոսին
«Հայաստանում առաջին անգամ եղել եմ 2019 թվականին եւ կարող եմ ասել, որ տպավորված էի այստեղի գիտական հիմքով, գիտնականների ներուժով եւ էներգիայով։ Կարծում եմ, որ շատ լավ աղբյուր եւ հսկայական պոտենցիալ տեսա այս երկրում, որն աշխարհի շատ այլ երկրների գերազանցում է, հատկապես՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի ոլորտներում»,- ասել է Լուկա Ռոսին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը Մեդիամաքսին ասել է, որ PMI Science-ի նման կառույցները շատ մեծ նշանակություն ունեն թե՛ էկոհամակարգերի զարգացման, թե՛ կրթական ծրագրերի բարեփոխման եւ արդիականացման համար։
Ռոբերտ Խաչատրյանը
«Նման ծրագրերը Հայաստանում միայն ողջունելի են։ Պետք է համաշխարհային միտումներին համահունչ շարժվենք եւ վերափոխենք համակարգերն ու կրթական ծրագրերը»,- ասել է նա։
PMI Science-ի ասպիրանտական կրթաթոշակների ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն հետեւյալ ոլորտներում հետազոտական աշխատանքների վրա աշխատող ասպիրանտները․
• Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
• Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
• Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
• Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
• Աերոզոլային գիտություն եւ տեխնոլոգիաներ
• Բուսաբանություն եւ թունաբանություն
• Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
• Ինժեներիա, արդյունաբերական եւ համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
• Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
• Վերլուծական քիմիա:
4 տարվա ընթացքում PMIScience գիտահետազոտական կենտրոնը աջակցություն է տրամադրել ավելի քան 40 ասպիրանտի։
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի