Մինչեւ վերջերս գիտնականը մարդկանց պատկերացումներում ճերմակ մազերով, մի քիչ «ցնդած» ու իր աշխարհում ապրող մարդն էր, հետո, երբ գիտնականները «բացահայտվեցին», ջահելները տեսան, որ իրենց նման երիտասարդ աղջիկներն ու տղաներն էլ են գիտությամբ զբաղվում։ Եթե այս կարծրատիպը կոտրվեց, ապա գիտահետազոտական կենտրոնների եւ լաբերի՝ խունացած պատերով, հին կահույքով եւ սարքավորումներով կերպարը դեռեւս նույնն է մնում, որովհետեւ մեր այսօրվա կենտրոնների մեծ մասը ժառանգություն են խորհրդային տարիներից, իսկ անկախությունից հետո շատ քիչ բան է կառուցվել, նորոգվել եւ արդիականացվել։


Եվ ահա այս երկրորդ կարծրատիպը կոտրում է Philip Morris International (PMI) ընկերության՝ աշխարհում 3-րդ գիտահետազոտական կենտրոնը, որը 2018թ․-ից գործում է Երեւանում։

 

 

Երբ ասում են երազանքի լաբ, մեր գիտնականների մի մասը մտաբերում է արտասահմանյան գործողումների ընթացքում այցելած լաբորատորիաները, մի մասն էլ՝ գիտաֆանտաստիկ կամ վավերագրական ֆիլմերում տեսածները։

-Երազանքի լաբ,- բառերը թռչում են բերանից, երբ բացվում են նախկին ճաշարանի տեղում կառուցված PMIScience-ի դռները, ու շտապող-գնահատողական հայացք  ենք գցում գիտահետազոտական կենտրոնին, որի նմանը Հայաստանում դժվար, թե գտնվի։

 

 

Երեւանի տեխնոլոգիական եւ գիտական կրթության սրտում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքում է հիմնվել PMIScience գիտահետազոտական կենտրոնը։


Պոլիտեխնիկի ճաշարանը կամ 13-րդ մասնաշենքը բուհում սովորածների համար անճանաչելիորեն փոխվել է, հետքն էլ չի մնացել։ Եթե նախկին ուսանողներն այստեղ կարող էին դասամիջոցին կարկանդակ կամ հոթ-դոգ, ոմանք էլ՝ հաջողացնելով դասերից ծլկել, մի քիչ ավելի երկար ժամանակ մնալ ու լավ բան ուտել, ապա այժմյան ուսանողների բախտը անհամեմատ ավելի շատ է բերել։ Հենց «քթի տակ»՝ շքեղ ու գերժամանակակից կենտրոն է, որի դռները միշտ բաց են իրենց ու իրենց նման այն ուսանողների համար, ովքեր քնում-արթնանում, երազում են ապրել զարգացած գիտություն ունեցող երկրում եւ օր ու գիշեր գիտական «արարչագործությամբ» զբաղվել։

 

 

Կենտրոնը բաժանված է երկու հիմնական հատվածների՝ բաց եւ փակ։ Բաց հատվածը հասանելի է կենտրոնի ծրագրերից օգտվող ուսանողների եւ գիտական խմբերի համար, իսկ փակ հատվածում կորպորատիվ գիտահետազոտական լաբորատորիաներն են։

Ուսումնական եւ գիտահետազոտական լաբորատորիաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, եւ ամենագայթակղիչն այն է, որ աշխարհի լավագույն սարքավորումներն այստեղ հասանելի են Հայաստանի հետազոտողներին՝ բացարձակ անվճար։

 

 

PMIScience գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը, ով նախագծերի ղեկավարման մեծ փորձ ունի, ասում է, որ ի սկզբանե խնդիր էին դրել՝ կարո՞ղ են, արդյոք, Հայաստանի գիտությունից օգտվել: Դրական պատասխանը ստանալուց հետո ստեղծեցին կենտրոնը, որը նոր որակներ է բերում Հայաստանի գիտական կյանքում։

«Ինքնին գիտական պրոեկտներ գտնել, բացահայտել, ընդունել, որպեսզի դրանք փոխադարձ հետաքրքիր լինեն Հայաստանի գիտնականների եւ վերազգային կորպորացիայի տեխնոլոգիական առաջընթացի համար, արդեն մեծ քայլ է: Երբ կոմերցիոն ընկերությունը ծախս է ապահովում գիտությանը, ուղղակի համալրում է պետության՝ գիտության ֆինանսավորման ջանքերը: Գիտությունը պետք է ծառայի հասարակության զարգացմանը, արտադրության, տնտեսության զարգացմանը եւ դրանով ավելի ուժեղանա: Ինովացիաները լինում են ֆունդամենտալ գիտության հենքի վրա: Ինովացիաներն օդում չեն կախվում, միշտ նպատակ են ունենում բիզնեսի համար: Ինքնըստինքյան այստեղ գալիս է մեկ այլ որակ. մեր գիտական հիմնարկները կապվում են բիզնեսի հետ, այնպես, ինչպես կար եւ պետք է լինի»,- ասում է Վահե Դանիելյանը։

 

 

Նա կարծում է, որ Հայաստանի շանսը, հաշվի առնելով երկրի մասշտաբները, վերազգային կորպորացիաներն են, որովհետեւ դրանք, ըստ էության, պատկերացում ունեն, թե աշխարհն ուր է գնում, թոփ տեխնոլոգիաները որտեղ են, եւ դրանց պատվերն անուղղակի մեսիջ է գիտությանը: Եթե գիտությունը կարողանում է թարգմանել այդ ուղերձը, բավարարել այդ խնդիրներին, ստացվում է լրջագույն ներդրումային ծրագիր:

PMIScience-ի առավելությունն այն է, որ կենտրոնը նաեւ թրեյնինգային է, ինչ-որ իմաստով՝ մարզադաշտ, որտեղ հնարավոր է սովորել՝ անելով: PMIScience-ը բացառիկ է այն առումով, որ մտել է գիտության բոլոր շերտերը:

 

 

«Philip Morris-ն իր բնագավառում առաջադեմ սարքավորումներ արտադրող ընկերություն է, բայց եթե բնագավառը մի կողմ ես դնում, ապա խոսքը գնում է էլեկտրոնային սարքերի, բիոլոգիական նյութերի, կենսական օրգանիզմների վրա դրանց ազդեցության մասին: Այս ամենը բավարար է, որպեսզի խոսենք գիտության բավական լայն սպեկտրի մասին, ցանկացած ուղղությամբ նորարարություն եւ բեկումնային տեխնոլոգիաներ բերում են այն բանին, որ դու կարողանաս քեզ գործընկեր համարել գիտության այդ ճյուղը՝ ֆիզիկա, քիմիա, նյութաբանություն, ինժեներիա, բիոինժեներիա, մաթեմատիկա եւ այլն: Մենք ստեղծում ենք այդ էկոհամակարգը եւ ինքներս էլ փորձում ենք ձուլվել առկա էկոհամակարգին»,- ասում է Վահե Դանիելյանը:


Ցանկացած լավ մասնագետ պետք է, նախ, լավ կրթություն ստանա, ու քանի որ գիտնական չեն ծնվում եւ մինչեւ դա դեռ պետք է շատ սովորել, PMIScience-ն աչքաթող չի անում նաեւ կրթության ոլորտը։ Հզոր գիտություն թրեյնինգների շարք Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, թրեյնինգներ PMIScience-ում, ReTech կոնֆերանսներ, Datathon-ներ, ինժեներական շաբաթ, այս ամենը նրանց համար է, ում հետաքրքրում է լրացուցիչ կամ ոչ ֆորմալ կրթությունը, իսկ բուհերի սովորողներին ու տարբեր կենտրոնների հետազոտական խմբերին այստեղ առանձնակի «քաղցր աչքով» են նայում։

 

 

«Մեր գործընկեր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ՝ PMIScience-ը Հայաստանում տրամադրում է աջակցություն մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերին, խթանում գիտական խմբերի գործունեությունը, աջակցում գիտատեխնոլոգիական համաժողովների կազմակերպմանը, իրականացնում դասընթացներ։ Էկոհամակարգի զարգացման շրջանակում մենք աջակցում ենք մագիստրոսական երկու ծրագրերի՝ համակարգային ինժեներիայի և տվյալագիտության ոլորտներում»,- ասում է Ինովացիաների եւ էկոհամակարգի զարգացման պատասխանատու Աննա Գեւորգյանը։

3 տարվա ընթացքում գիտահետազոտական կենտրոնը մագիստրոսական աջակցություն է տրամադրել մոտ 94 ուսանողի, ինչպես նաև աջակցել է 30 ասպիրանտի՝ իրենց հետազոտություններն իրականացնելու համար։ Հետազոտություններն իրականացվում են մի շարք ուղղություններով՝ տվյալագիտություն, նյութագիտություն, արդյունաբերական ինժեներիա, էլեկտրական ինժեներիա, փորձարարական ֆիզիկա, մաթեմատիկական մոդելավորում, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, մեխանիկական ինժեներիա, սենսորային տեխնոլոգիա և այլն։

 

 

Հայաստանի առաջատար կառույցների 45 հետազոտական թիմեր նույնպես ստացել են աջակցություն եւ հետազոտություններ են իրականացնում նյութագիտության, տվյալների վերծանման, տվյալների կառավարման, էլեկտրական ինժեներության, Էլեկտրոնիկայի կառավարման համակարգերի, մոդելավորման, կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտներում։

ԵՊՀ, Պոլիտեխնիկ, Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Հայ-ռուսական համալսարան, Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, Ամերիկյան համալսարան, Մաթեմատիկայի ինստիտուտ, Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ, Մեխանիկայի ինստիտուտ, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն. ահա այն կառույցները, որոնց գիտական խմբերին աջակցում է կենտրոնը։

 

 

«Գաղափարն այն է, որ էկոհամակարգի մաս դառնանք եւ օգնենք կատարելագործվել։ Մեր լաբը բաց է հետազոտողների համար։ Էկոհամակարգի նախագծերի վերջնական երազանքի կետը, որին ուզում ենք հասնել, այն է, որ ունենանք շարունակական նախագծեր այն մասնագետների հետ, որոնք ներգրավվել են մեր ծրագրերում։ Կան մարդիկ, որոնք երկու տարի առաջ մեզնից ֆինանսավորում են ստացել, այժմ բանակցում ենք, որպեսզի համագործակցության մեկ այլ մակարդակ անցնենք»,- ասում է Աննա Գեւորգյանը։


Հայաստանի PMIScience-ը հիմնականում աշխատում է Շվեյցարիայում PMI-ի գիտահետազոտական կենտրոնի՝ Կուբի հետ եւ հետազոտություններ է իրականացնում գիտության տարբեր ոլորտներում։

«Կենտրոնը համագործակցում է տեղական հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մեր թիմը դինամիկ կերպով ընդլայնվում է»,- ասում է էկոհամակարգի զարգացման պատասխանատուն։

 

 

PMIScience-ի հետազոտողները աշխատում են մի շարք առաջնային ուղղություններով.

- Տվյալագիտություն
- Տեխնոլոգիաներ
- Նյութագիտություն
- Մտավոր սեփականություն
- Նորարարությունների կառավարում

Համագործակցելով գիտահետազոտական ինստիտուտների, համալսարանների և տեխնոլոգիական համայնքի հետ՝ թիմը նախատեսում է փորձարկել եւ զարգացնել նորարարական լուծումներ, որոնք կնպաստեն PMI-ի արտադրանքի բարելավմանը և նորարարության առաջխաղացմանը համաշխարհային մակարդակում։

 

 

«Գիտահետազոտական կենտրոնը հայ գիտնականներին ու գիտական կառույցներին հնարավորություն է տալիս համագործակցել համաշխարհային մակարդակով առաջատար փորձագետների հետ՝ մնալով և աշխատելով Հայաստանում։ Մեր ծրագրերը նպատակ ունեն գիտությունից քաղելու նորարական պրոդուկտների համար տեխնոլոգիաներ։ Դրանով մենք ծառայում ենք թե՛ հասարակության շահերին, թե՛ ընկերության։ Գիտական էկոհամակարգը զարգացնելու մեր նախաձեռնությունները հիմնվում են համընդհանուր արժեք ստեղծելու գաղափարի վրա։ Սա թույլ է տալիս ապահովել գիտության վերարտադրողականությունն ու աջակցել Հայաստանի գիտակրթական վերածննդին»,- ասում է Աննա Գեւորգյանը։



Ինչո՞ւ հենց Հայաստան։ Հարցին Վահե Դանիելյանը պատասխանում է չինական ասացվածքով. «Պատրաստված մարդկանց բախտն է բերում»։

«Մինչեւ գիտելիքը, մարդկային կապիտալի ներուժը, հնարավորությունը ցույց տալը, նախ պետք է կարողանալ գայթակղել ընկերությանը: Իսկ դրա նախապայմանը հասարակության, պետության վարքագիծն է, որը կամ բանան է աճեցնում, կամ, այնուամենայնիվ, փորձում է գտնել ընկերություններ եւ ասել՝ «ինձ հետաքրքիր է այն, ինչ անում եք», կարողանում ներկայացնել այն հիմքերը, որ ընկերությունը հավատա՝ «այո, այս երկիրն իսկապես հետաքրքրված է, պատրաստ է գիտությունը զարգացնել եւ դա անել երկարաժամկետ»։ Գիտության զարգացումն այս կամ այն ղեկավարի քմահաճույքը չէ։ Կարեւոր է ցույց տալ, որ Հայաստանն՝ իր երկարաժամկետ պատմության մեջ, անկախ տարբեր վայրիվերումներից, հենքը դնում է տեխնոլոգիական առաջընթացի վրա:

Ընկերությունն էլ հասկանում է, որ չի կարող երկիրն այդպիսի վարքագիծ ցույց տալ, եթե հիմքում մարդկային կապիտալ չկա: Երբ արդեն ընկերությունը պատրաստակամություն է հայտնում, այդտեղ շատ ավելի հետաքրքիր բաներ են բացահայտվում, արդեն ժամանակն է, որ ընկերությունն ապշի: Իհարկե, շատ բաներ քանդած է լինում, խարխուլ է լինում, բայց երբ տեսնում են, որ կան գիտնականներ, որ էլեմենտար սարքավորումներով ու մտքի արգասիքով կարողանում են մի բան անել, որն ուրիշ տեղ չկա, դա ապշեցնում է: Բավարար է նախագիծ անել, սարքավորումներ բերել, ուղղությունն ավելի խորացնել, պայմաններն ապահովել, եւ արդյունքները շատ ավելի լավն են լինում»,- ասում է Վահե Դանիելյանը:

Նա նշում է, որ բավարար է, որպեսզի ռեսուրսը սկսի գործել եւ հավաքվում են խելացի մարդիկ, որոնք սովորում են, զարգացնում են գիտելիքները եւ պատրաստ են լինում ծառայություն մատուցել:

 

 

«Մենք տեսանք, որ լավ գիտնականներ, լավ նախագծեր կան, սկսեցինք անուղղակի ֆինանսավորել՝ մեր հնարավորությունների սահմաններում: Մեր ուժերի սահմաններում ներդրումներ ենք անում՝ առաջին, երկրորդ աստիճանի հետաքրքրություններն ակտիվացնելու համար, եւ կատալիտիկ արդյունք ենք ստանում։ Սկսում են հավաքվել գիտնականներ, պրոյեկտները՝ շատանում են»։

Երբ նման ներդրումներ են լինում գիտության մեջ, պետությունն անուղղակի խնայողություններ է անում եւ հնարավորություն է ստանում այդ խնայողություններն ուղղել ֆունդամենտալ գիտությանը։

«Դա բիզնեսի համար երկրորդ աստիճանի արդյունք կլինի․ կսկսեն շատանալ այն աղբյուրները, որից բիզնեսը կարող է գիտական արդյունք ստանալ: Սա նաեւ պետությանն է մեսիջ, պետությունը տեսնում է, որ պահանջված են, օրինակ՝ ֆիզիկան, քիմիան, ուրեմն պետք է այդ ուղղությունները զարգացնել: Այդ դեպքում արդեն հզոր բիզնեսներ կգան եւ պատվեր կտան գիտությանը: Եթե լավ ապրանք կա, գնորդ միշտ է լինելու»,- ասում է Վահե Դանիելյանը:

Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարիչ՝ Էմին Արիստակեսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի

«PMIScience»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: