PMIScience R&D կենտրոնը տրամաբանորեն բաժանված է երկու մասի։ Բոլոր կրթագիտական լաբորատորիաները, որ կտեսնեք «ապակուց այս կողմ», հասանելի են ուսանողներին եւ հայ գիտնականներին։ R&D կենտրոնի՝ էկոհամակարգերի աճի նախաձեռնությունների մաս են կազմում 2 մագիստրոսական կրթական ծրագրերը՝ «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն», «Տվյալագիտություն՝ բիզնեսի համար» (Industrial & Systems Engineering, Data Science for Business) ու Ֆակուլտետների եւ ասպիրանտների աջակցության (Faculty and PhD support) ծրագրեր:
Կենտրոնի երկրորդ հարկում հասանելի են.
Թրեյնինգների սենյակ. այս հատվածը հիմնականում օգտագործվում է «Արդյունաբերական և համակարգային ինժեներության» ու «Տվյալագիտություն բիզնեսի համար» դասընթացների եւ վորքշոփերի համար: Սենյակը հագեցած է գիտության և տեխնոլոգիայի ուսումնական միջավայրը բարելավող՝ վիդեո եւ աուդիո գործիքներով:
Լաբորատորիա. PMIScience-ում աննախադեպ հնարավորություններ են ստեղծված այն ասպիրանտների, ստարթ-ափերների եւ ինժեներների համար, որոնք իրենց հետազոտական աշխատանքներն իրականացնելիս ճշգրիտ ինժեներական սարքավորումների կարիք ունեն։ Չափիչ սարքավորումների լաբորատորիան, որը մեկտեղել է տարածաշրջանում բացառիկ ինժեներական սարքավորումները եւ հասանելի դարձրել հայ հետազոտողների համար, ամբողջությամբ բաց է, եւ ցանկացածը կարող է այստեղ աշխատել։
Կրթական լաբ. այս հատվածը հարստացված է 16 տարբեր տեսակի մինի-լաբորատորիաներով, որոնք հնարավորություն են տալիս դասընթացներ անցկացնել մի շարք գիտական ուղղություններով: Այստեղ կարելի է այնպիսի դասընթացներ կազմակերպել, ինչպիսիք են Arduino հավելված, Կիրառական էլեկտրոնիկա, Ցանցային կապերի հիմունքներ, Գործառնական ուժեղացուցիչների ծրագրեր, Կենսաբանական ճարտարագիտություն, Խորը ուսուցման (Deep learning) հիմունքներ:
«Ապակուց այն կողմ» ընկերության հետազոտական գոտին է։ PMI-ի գիտնականներն իրենց հետազոտություններն անում են Տեխնոլոգիաների եւ Նյութագիտության լաբորատորիաներում։
PMIScience-ի հետազոտողներն աշխատում են մի շարք առաջնային ուղղություններով՝ տվյալագիտություն, տեխնոլոգիաներ, նյութագիտություն, մտավոր սեփականություն, նորարարությունների կառավարում։
Մեդիամաքսն անցել է «ապակուց այն կողմ» եւ Նյութերի հետազոտությունների ավագ գիտաշխատող Սերգեյ Վերլինսկիի հետ բացահայտել Նյութագիտության լաբորատորիան։
Սերգեյ Վերլինսկին, ով երկար տարիներ Պոլիտեխնիկի Մեխանիկա եւ մեքենագրություն ամբիոնում է դասախոսում, PMI-ի թիմին միացել է 2018թ․-ին։
«Տարբեր երկրներում աշխատելու փորձ ունեի, հույս ունեի, որ կարող եմ հետաքրքրել կազմակերպությանը։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ իմ գիտելիքները, կարողությունները կարող են իսկապես օգտակար լինել ընկերության համար։ Իմ ուղղվածությունը մեխանիկական ինժեներիան է, որը զբաղվում է նյութերի վերլուծությամբ, նյութերի կամ կոմպոզիտների հետազոտությամբ, մշակմամբ»,- ասում է Սերգեյը։
Ժամանակակից սարքավորումներ եւ հզոր տեխնիկա՝ լաբորատորիայում առաջատար գիտություններով զբաղվելու համար անհրաժեշտ ամեն ինչ ապահովված է։ Այստեղ գիտնականները «ծնունդ են տալիս» նոր նյութերին։
«Մշակվող նոր նյութերը գործածության բավական լայն տիրույթ ունեն՝ սկսած պարզ պոլիմերներից եւ կոմպոզիտներից, վերջացրած շատ բարդ, օրինակ՝ կերամիկական բաղադրությամբ նյութերով, փակագծերը շատ բացել չեմ կարող»,- ասում է Սերգեյ Վերլինսկին։
Նյութագիտությունը միջդիսցիպլինար ճյուղ է, որն ուսումնասիրում է նյութերի հատկությունների փոփոխություններն ինչպես կոշտ, այնպես էլ հեղուկ վիճակներում՝ կախված որոշ գործոններից: Նյութագիտությունը ներառում է ֆիզիկայի, քիմիայի եւ ճարտարագիտության տարրեր։
«Նյութագիտությունը շատ հետաքրքիր, գրավիչ ու ստեղծագործական ոլորտ է: Ընդհանրապես, աշխարհը միշտ էլ նոր նյութեր մշակելու անհրաժեշտություն ունի: Այստեղ միտքն անընդհատ արթուն է, ստանում ես նյութը եւ ուզում ես անընդհատ կատարելագործել այն։ Գիտության այս ճյուղը գտնվում է «Կուբ»-ի (ՖՄԻ գիտահետազոտական կենտրոնը Շվեյցարիայոմ) մեր շվեցարացի գործընկերների ուշադրության կենտրոնում: Նրանք կարծում են, որ Հայաստանում գիտական ինստիտուտները բավական զարգացած են, գիտական մեծ պոտենցիալ կա։ Լաբորատորիայում՝ հաշվի առնելով ակադեմիական ինստիտուտների մեր կոլեգաների փորձը, փորձում ենք մշակել նոր նյութեր՝ ըստ PMI-ի պահանջների»,- ասում է Սերգեյ Վերլիսնկին:
PMIգիտահետազոտական կենտրոնում նախատեսում են, որ այս լաբորատորիայում կաշխատեն հայկական ակադեմիական ինստիտուտների եւ համալսարանների գիտնականներ, որոնք հետաքրքրած են այս ուղղությամբ եւ մեծ պոտենցիալ ունեն։
«Լաբորատորիայում բավական թանկ եւ արդիական սարքավորումներ ունենք։ Մենք կընդունենք բոլոր այն առաջատար գիտնականներին, որոնք կուզեն մեզ հետ համագործակցել:
Գիտնականները պարբերաբար գալիս են մեզ մոտ՝ իրենց գիտական թեմաները ներկայացնելու, մենք սկսում ենք զրուցել այն թեմաների շուրջ, որոնք մեզ հետաքրքիր են եւ կարող են վերաճել գիտական մեծ նախագծերի: Դա հայ գիտնականնեիրին հնարավորություն կտա իրենց գիտական պոտենցիալը բերել կիրառության: Հեռանկարն այն է, որ աստիճանաբար զարգացնենք լաբորատորիան, աշխատանքների տիրույթը, որպեսզի Հայաստանում մեծ գիտական նախագծեր իրականացվեն եւ «առաքվեն» աշխարհին»,- ասում է Սերգեյ Վերլինսկին:
Նյութագիտության լաբորատորիայում ընդամենը մեկ-երկու հայացք գցելը կբավականացնի հասկանալու համար, թե ինչ նախանձելի հնարավորություններ կան այստեղ, եւ ցանկացած գիտնական կվարակվի գիտության այս ճյուղը զարգացնելու եւ, որպես գիտնական, այստեղ զարգանալու ցանկությամբ:
Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարիչ՝ Էմին Արիստակեսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի