ReTech՝ «Հետազոտություն եւ տեխնոլոգիաներ» 5-րդ համաժողովն այս տարի գիտնականներին ու հետազոտողներին համախմբել էր Լոռու մարզում: Ամենամյա գիտական միջոցառումը հնարավորություն է տալիս ոլորտի մասնագետներին հանդիպելու, ներկայացնելու իրենց ծրագրերը, փորձով փոխանակվելու: Համաժողովը կազմակերպում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Ֆիլիպ Մորրիսի PMIScience գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ:
«Սա մի հարթակ է, որի միջոցով փորձում ենք մի սեղանի շուրջ բերել տարբեր գիտական դիսցիպլինների նեղ մասնագետների եւ ձեւավորել դիսկուրս: Նրանք բարձրաձայնում են իրենց խնդիրները, փորձում գտնել լուծումներ, համագործակցության նոր եզրեր եւ որ ամենակարեւորն է՝ աշխատանքի նոր ձեւաչափեր մշակել:
Մեզ համար շատ կարեւոր է, որ համաժողովին ներկա են մասնագետներ, որոնք տարբեր տարիներին մասնակցել են մեր՝ էկոհամակարգի զարգացմանն ուղղված միջոցառումներին, ինչը ցույց է տալիս, որ համագործակցությունն արդյունավետ է եւ երկկողմ հետաքրքիր: Կարեւոր հայտանիշ է նաեւ երիտասարդների մասնակցությունը, ինչը վկայում է, որ կարողանում ենք հետաքրքրել նաեւ երիտասարդներին, իսկ դա կարեւոր է գիտության առաջընթացն ապահովելու համար»,-ասում է PMIScience-ի նորարարությունների եւ համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը:
«Ամենամյա համաժողովի հիմնական նպատակն է ստեղծել ոչ պաշտոնական շփման միջավայր, զեկույցների, պանելային քննարկումների եւ պարզ շփման միջոցով նոր համագործակցությունների հնարավորություններ բացել, նորարար լուծումներ առաջ քաշել: Սա հրաշալի հարթակ է, որն ավելի ենք զարգացնելու՝ Հայաստանում գիտնականների աշխատանքն ավելի արդյունավետ ու տեսանելի դարձնելու նպատակով»,- ասում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Գիտական ինկուբատոր» ծրագրի մենեջեր Արփինե Դավթյանը:
Երկօրյա գիտաժողովին մասնակցել են Հայաստանի եւ արտերկրից հրավիրված գիտնականներ ու հետազոտողներ, որոնք ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների ոլորտը, իրականացրած նախագծերն ու աջակցության կարիք ունեցող ծրագրերը:
Նարեկ Աբելյանը զբաղվում է կենսաինֆորմատիկայով, իր խոսքով՝ 21-րդ դարի զարգացող գիտություններից մեկով:
«Կենսաինֆորմատիկան գիտության մի քանի ճյուղերի՝ քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, համակարգչային գիտությունների հատման տիրույթում է, եւ հենց դա հնարավորություն է տալիս շատ ֆունդամենտալ մակարդակում ուսումնասիրել այդ ոլորտներում առկա խնդիրները: Ես զբաղվում եմ կառուցվածքային կենսաինֆորմատիկայիով, փորձում ենք մոդելավորել կենսաբանական համակարգերը ու հաշվարկել դրանց տարբեր ֆիզիկաքիմիական պարամետրերը»:
Նարեկը PMIScience-ի «Ասպիրանտների աջակցության» ծրագրի նախորդ տարվա շահառուներից է: «Հակաբիոտիկների նկատմամբ կայուն ռեզիստենտ բակտերիաների դեմ նոր տիպի քիմիական միացությունների հայտնաբերումը՝ նորարարական համակարգչային մոդելավորման մեթոդների կիրառմամբ» երկար անվանմամբ ուսումնասիրություն Նարեկն ավարտել ու արդյունքները միջազգային հեղինակավոր ամսագրերում է հրատարակել:
Ասում է՝ PMIScience-ի աջակցությունը շատ կարեւոր էր, քանի որ դրա շնորհիվ նա կարողացել է կենտրոնանալ նախագծի վրա՝ չփնտրելով կողմնակի աշխատանք ։
«Կրթաթոշակը, իրականում, այնքան էլ մեծ չէ, և, հետևաբար ասպիրանտները ստիպված են լինում զուգահեռ այլ աշխատանք կատարել, որը, հաճախ, իրենց մասնագիտության հետ կապված չէ: Ֆինանսական անկախությունն ասպիրանտների համար շատ կարեւոր է: Դա օգնում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել նախագծի վրա ու ստանալ բարձր որակի աշխատանք»:
Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Արա Կիրակոսյանը Հայաստան է եկել՝ ReTech-ին մասնակցելու: Համաժողովին ներկայացնելու է բույսերի կենսատեխնոլոգիային եւ բժշկության մեջ դրանց կիրառությանն առնչվող իր ուսումնասիրությունները:
«Կան բիոակտիվ նյութեր, որոնց ազդեցությունը բուսաբուժության մեջ մեծ է: Օրինակ՝ քաղցկեղի, դիաբետի կամ սրտի հիվանդությունների դեպքում դրանց կիրառությունն ուղղակի անհրաժեշտություն է, որովհետեւ որոշակի քիմիական սինթեզված դեղանյութեր հաճախ ունենում են կողմնակի ազդեցություն, իսկ բնական նյութերը նվազեցնում են դա»:
Արա Կիրակոսյանը Հայաստանից տեղափոխվել է մոտ 20 տարի առաջ, բայց հայաստանցի գործընկերների հետ աշխատելու մասին վաղուց է մտածում:
«Այսպիսի համաժողովները շատ կարեւոր են նոր համագործակցություն ստեղծելու, մեկ նպատակի շուրջ մարդկանց համախմբելու, մտքերով փոխանակվելու տեսանկյունից: Ամերիկայում ես ունեմ իմ լաբորատորիան, որը հագեցած է արդիական սարքավորումներով: Ուրախ կլինեմ, եթե կարողանանք ուսանողների փոխանակման ծրագիր անել, երիտասարդները գան, սովորեն դրանցով աշխատել, փորձ ձեռք բերել: Ես միշտ երազել եմ համագործակցել Հայաստանի իմ կոլեգաների հետ»:
Քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Հայրապետյանը սորբենտներով զբաղվում է արդեն 38 տարի եւ «Հետազոտություն եւ տեխնոլոգիաներ» 5-րդ համաժողովի իր ելույթն էլ դրանց է վերաբերում:
«Այս ուղղվածությունը Հայաստանում այնքան էլ տարածված չի, չնայած՝ պահանջարկը բազմաբնույթ է: Ներկայացնելու եմ սորբենտներ, որոնք գազային ֆազից կլանելու են վտանգավոր նյութերը՝ ազոտի օքսիդ, ծծումբի օքսիդ, ամոնյակ եւ այլն, այնպիսի նյութեր, որոնք մարդու գործունեություն արդյունքում են առաջացել եւ աղտոտում են մեր շրջակա միջավայրը: Հետեւաբար, հարկ է լինում դրանք մաքրել, անջատել, վնասազերծել:
Մեր նպատակն է ստեղծել այնպիսի համակարգեր, որ, օրինակ, ծխելու ժամանակ ծխի միջից կհեռացնի վտանգավոր նյութերը: Դրա համար մենք փորձում ենք ստեղծել այնպիսի սելեկտիվ սորբենտներ, որոնք կկարողանան ազդել կոնկրետ նյութի վրա»:
Սերգեյ Հայրապետյանն իր աշխատանքային խմբում ներառել է երիտասարդ կադրերի, որ իր փորձն ու գիտելիքը փոխանցի նրանց: Ասում է՝ հատկապես երիտասարդների համար դժվար է գիտության մեջ իրենց խոսքն ասել, եթե ֆինանսական աջակցություն չեն ստանում: «Գիտությունը շատ հաճելի գործ է, բայց ամեն հաճույքի համար պետք է վճարել»:
Զարուհի Կարաբեկյանը 2014 թվականից ղեկավարում է Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի եւ հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիան:
Համաժողովին եկել է՝ ներկայացնելու աշխարհում շատ զարգացած, իսկ Հայաստան նոր մուտք գործող հյուսվածքային ճարտարագիտության ոլորտում իրենց նախագծերը:
«Տարիքի հետ կամ ի ծնե մեր օրգանիզմն ունենում է խնդիրներ: Դրանք, շատ անգամ, ոչ թե բուժում, այլ՝ վերականգնում են պահանջում: Հյուսվածքային ինժեներիան փորձում է լուծել այդ խնդիրները՝ վերաստեղծելով այն հյուսվածքները կամ օրգանները, որոնք վատ են աշխատում կամ թերի են:
Դրա համար անհրաժեշտ է հասկանալ օրգանի կառուցվածքը, ինչպես է այն աշխատում, անհրաժեշտ է ստեղծել բջիջներ, որոնք կատարում են այդ օրգանի գործառույթը, ստեղծել համապատասխան տարածք, կաղապար: Մենք հիմնականում փորձում ենք այդպիսի կաղապարները ստանալ բնական աղբյուրներից՝ մարդու օրգաններից կամ փոխարինել կենդանական ծագում ունեցող այլ հնարավորություններով: Օրինակ՝ եթե մաշկը վնասվում է, հիմնականում այն լավանում է՝ սպիանալով, բայց այլ է խնդիրը, եթե մեծ քանակի մաշկ է վնասվում: Այդ դեպքում առաջարկում ենք վերցնել կենդանական ծագման մի օրգան, ենթադրենք՝ խոզի մաշկ կամ նույնիսկ խոզի աղիներ, անջատել խոզի բջիջներից, մաքրել, ստուգել որակը, ապացուցել, որ չի մերժվում տվյալ օրգանիզմի կողմից, սերմանել տվյալ մարդու բջիջներով եւ ստանալ գործող մաշկ: Եթե հաջողվի այս նախագիծը լավ մշակել, կկարողանանք այն տարածել նաեւ երիկամի, սրտի փականի, լյարդի եւ այլ օրգանների համար»:
Զարուհի Կարաբեկյանը ծրագիրն իրականացնելու համար դիմել է PMIScience-ին: Սպասում է պատասխանին: Բայց նրա թիմից մի ասպիրանտ ու մի երիտասարդ գիտնական արդեն դրական պատասխան են ստացել:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Մարիամ Խաչատրյանի