PMIScience գիտահետազոտական կենտրոնի՝ Հայաստանում գիտակրթական միջավայրը բարելավելու եւ էկոհամակարգը զարգացնելու առաքելությունը մեծ «թեւեր» է տալիս երիտասարդներին՝ ավելի բարձր թռչելու եւ հավակնոտ երազանքներ ունենալու համար։

Կենտրոնի աջակցության ծրագրերի շնորհիվ՝ մի շարք երիտասարդներ կարողանում են որակյալ կրթություն եւ պահանջված մասնագիտություն ստանալ, զբաղվել հետազոտական աշխատանքով, այդպիսով՝ նպաստելով Հայաստանում կրթական մակարդակի բարձրացման ու գիտության վերածննդին։

Երեւանի պետական համալսարանում գործում է իր տեսակի մեջ առաջին՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը։ 2021 թվականի դրությամբ ծրագիրն ունի շրջանավարտների երեք խումբ, ու գրեթե բոլորն աշխատում են իրենց մասնագիտությամբ՝ տեղական եւ միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ արտասահմանում։ Ամեն տարի մագիստրոսական ծրագրի լավագույն 10 ուսանողները հնարավորություն են ստանում օգտվել PMIScience գիտահետազոտական կենտրոնի աջակցությունից, իսկ Սան Խոսեի պետական համալսարանի հետ համագործակցության շնորհիվ՝ ուսումը շարունակել Սիլիկոնյան հովտում՝ ստանալով երկու դիպլոմ։

 

 

«Մենք հավատում ենք, որ ինժեներական եւ տեխնոլոգիական ոլորտների զարգացումը շատ խոստումնալից են Հայաստանի տնտեսության, ինչպես նաեւ միջազգային վարկանիշի համար: Մենք ցանկանում ենք թվային տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պատրաստման մեջ Հայաստանը դարձնել տարածաշրջանի առաջատարը: Այն ծրագրերը, որոնց մենք աջակցում ենք, ուսանողներին հնարավորություն են տալիս կրթությունն ավարտելուց հետո պատրաստ լինել մարտահրավերներին»,- ասում է Philip Morris International (PMI) ընկերության նորարարությունների եւ համագործակցության պատասխանատու Օֆելյա Սարգսյանը:

 

 

ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը՝ բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Գայանե Խանչալյանը PMIScience-ից մագիստրոսական աջակցություն ստանալու հնարավորություն ունեցել է երկու տարի անընդմեջ։

Ասում է՝ մագիստրոսական աջակցություն ստանալու համար կարևոր նախապայման է գիտելիքը, իսկ վերջինիս կարելի է հասնել մեծ մոտիվացիա և սովորելու ձգտում ունենալու դեպքում։

 

 

«Ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկա եմ սովորել ու մաթեմատիկական հիմքն ունեի, ուզում էի նոր մասնագիտություն ստանալ, որը կլիներ հեռանկարային եւ խոստումնալից։ Շատ ուրախ եմ, որ հաջողվեց, որովհետեւ երբ որոշեցի փոխել բաժինը, անվճար սովորելու հնարավորություն չկար, եւ PMIScience-ի ծրագիրը, իսկապես, խիստ կարեւոր էր ինձ համար»,- ասում է Գայանեն։

Նոր մասնագիտությունն ու գիտելիքները երկար սպասելու կարիք չեն ունեցել, որովհետեւ որոշ ժամանակ անց Գայանեն միացել է PMIScience գիտահետազոտական կենտրոնի Data Science թիմին։

«Կենտրոնում աշխատանքի անցնելը հեշտ չէր, մի քանի տեղերում պետք է աշխատեի, որպեսզի պրակտիկա ձեռք բերեի եւ կարողանայի միանալ թիմին։ Այդ ճանապարհն անցնելն ու լավ փորձով այստեղ գալը ինձ համար մարտահրավեր էր, որը կարողացա հաղթահարել։ Եթե ուսանողներին աջակցության այսպիսի ծրագրեր շատ լինեն, նման գիտահետազոտական կենտրոններն ավելանան, ներդրումներ կատարվեն, միգուցե, հնարավոր լինի որոշ չափով կանգնեցնել լավ մասնագետների արտահոսքն ու ունենալ ավելի լավ կրթական-գիտական միջավայր»,- ասում է Գայանեն։

Data Science-ի թիմը սպասարկում է ընկերության գլոբալ նախագծերը, եւ այդ առումով աշխատանքն այստեղ բազմաշերտ է։

 

 

«Աշխատում եմ խելացի եւ տաղանդավոր մարդկանց հետ, ինչն անընդհատ սովորելու, աճելու, զարգանալու մեծ մոտիվացիա է տալիս։ Տարբեր նախագծերում ընդգրկվելու, տարբեր բարդության աշխատանքներ հաղթահարելու հնարավորություն ունենք, ինչը նպաստում է, որ ավելի լավ ու որակյալ մասնագետ դառնանք»,- ասում է Գայանեն։

 

 

ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը՝ բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Էլյա Պողոսյանը դիմել էր Philip Morris ընկերության Aspire ծրագրին, որտեղ մասնակիցներից մեկից իմացել էր մագիստրոսական ծրագրի մասին։

«Այդ տարի բակալավրիատն ավարտել էի, եւ կողմնորոշվել էի մասնագիտության հարցում։ Մագիստրոսական ծրագրին դիմեցի, չգիտեի, որ ֆինանսական աջակցություն է լինելու»,- պատմում է Էլյան։

 

 

Մագիստրոսական աջակցության ծրագրի շնորհիվ, նրա խոսքով, գրեթե հնարավոր էր ապահովել մագիստրատուրայի կրթության մեկ տարվա վճարը, ինչը թույլ էր տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել կրթությանը։

Էլյան այժմ աշխատում է Picsart-ում՝ որպես տվյալագետ, եւ ամենօրյա աշխատանքի արդյունքում է համոզվում, թե ինչ հիմնարար եւ արժեքավոր կրթություն է ստացել։

«Տվյալագիտությունը շատ բազմաշերտ է, եւ այստեղ ստացած գիտելիքներն էլ հնարավոր է օգտագործել տարբեր բնագավառներում եւ տարբեր մասնագիտություններով աշխատելիս»,- ասում է Էլյան։

Անդադար սովորել, զարգանալ եւ առաջընթացն ապահովված կլինի․ահա այս բանաձեւով է Էլյան առաջնորդվում․

 

 

«Նոր ալգորիթմների ճանաչումը, ստեղծումն ինձ շատ է մոտիվացնում։ Սա նաեւ ստեղծագործ մասնագիտություն է, որը երիտասարդ է, շատ խնդիրներ ունի լուծելու եւ այդ մարտահրավերներն այն էլ ավելի գրավիչ են դարձնում»։

 

 

Արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանի համալսարանների ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտները կարող են մասնակցել PMIScience-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին:

«Ամեն տարի ֆինանսավորվում են մինչեւ 10 ասպիրանտներ՝ ամսական 360 000 դրամի չափով: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում եւ օժանդակություն իրենց հետազոտական եւ գիտական նախագծերի համար։ Այս գիտնականները հետազոտությունները կատարում են անկախ»,- ասում է Օֆելյա Սարգսյանը։

 

 

ՄԿԻ Կենսաինֆորմատիկայի գիտական խմբի հետազոտող Մարիա Նիկողոսյանը գիտության ուղիով շարունակելու որոշումը վաղուց էր կայացրել։ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Կենսաինֆորմատիկայի եւ կենսաինժեներիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ասպիրանտ Մարիան գիտությամբ զբաղվում էր, երբ դեռ բակալավրիատի 3-րդ կուրսում էր սովորում։

«Ներգրավել էի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) Կնսաինֆորմատիկայի գիտահետազոտական խմբում: Սա ինձ բավական օգնեց, որ հետո ասպիրանտուրան միանգամից սկսեմ իմ գիտական նախագծով։ Ասպիրանտուրայի առաջին կուրսն էի ավարտում, երբ PMIScience-ը հայտարարեց Ասպիրանտների աջակցության ծրագրի մասին, որը Հայաստանում առաջին մեծ scholarship-երից էր ու միանգամից որոշեցի դիմել: Ծրագիրը մեկ տարով էր, թույլ էր տալիս իմ ասպիրանտական աշխատանքը կատարելու հետ միաժամանակ վարձատրվել»,- պատմում է Մարիան:

 

 

PMIscience-ի նման կենտրոնների գործունեությունը եւ, մասնավորապես, Ասպիրանտների աջակցության ծրագրերը լավ մեկնարկային կետեր են սկսնակ գիտնականների համար։ «Իրականում շատ ավելի լավ կլիներ, եթե PMIScience-ը հնարավորություն ունենար մի քիչ ավելի երկարատեւ ծրագրեր անել, քանի որ մեկ տարին շատ քիչ է նորմալ գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Իսկ բիզնեսի տեսանկյունից` նման կենտրոնները շատ են պետք: Հայաստանում, հատկապես կենսաինֆորմատիկայի ոլորտում, ով որոշում է գիտությամբ զբաղվել, իրենց մոտ այդ ընտրությունը՝ գնալ դեպի գիտություն, թե ինդուստրիա, չկա, քանի որ ինդուստրիան այդքան էլ զարգացած չէ։ Իրականում գիտությունից ինդուստրիա եւ հակառակը գնալու հնարավորություն ունենալը շատ մեծ առավելություն է տալիս»,- ասում է երիտասարդ գիտաշխատողը:

4 տարվա ընթացքում PMIScience գիտահետազոտական կենտրոնը մագիստրոսական աջակցություն է տրամադրել ավելի քան 100 ուսանողի, ինչպես նաեւ աջակցել է ավելի քան 30 ասպիրանտի։ Հետազոտություններն իրականացվում են մի շարք ուղղություններով՝ տվյալագիտություն, նյութագիտություն, արդյունաբերական ինժեներիա, էլեկտրական ինժեներիա, փորձարարական ֆիզիկա, մաթեմատիկական մոդելավորում, արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, մեխանիկական ինժեներիա, սենսորային տեխնոլոգիա եւ այլն։

Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարիչ՝ Էմին Արիստակեսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի

«PMIScience»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: