Մարդկանց ճիշտ կառավարում, նպաստող միջավայր ու որոշակի գործիքներ ու հմտություններ: Գիտական ներուժն արդյունավետ օգտագործելու «բաղադրատոմս է», որ առաջարկում է Philip Morris International (PMI) ընկերության պրոդուկտների եւ տեխնոլոգիական պրոցեսների գծով փոխնախագահ Լուկա Ռոսին:

Նոյեմբերի 13-ին՝ «Once upon a… Science!» խորագիրը կրող TEDxYerevan-ի ժամանակ Լուկա Ռոսին խոսել է մեծագույն առաջընթացներին հասնելու, գիտնականների համար անհրաժեշտ պայմանների եւ հնարավորությունների մասին։ Մեդիամաքսն առանձնացրել է նրա ելույթի ուշագրավ հատվածները:

 

 

Երբ երեխա էի, շատ էի սիրում հորս հետ աշխատանքի գնալ: Նա համակարգիչներ էր նորոգում, ավելի ճիշտ՝ այն, ինչ այդ ժամանակ համակարգիչ էինք անվանում: Դրանք հսկա մեքենաներ էին, որոնք պարզ հաշվարկներ էին կատարում: Այնուամենայնիվ, մենք հիացած էինք այն բանով, թե ինչ են կարողանում անել այդ մեքենաները: Ինձ հիացնում էր համակարգիչը նորոգելու գործընթացը, տպավորված էի հորս կիրառած գործիքներով, մեթոդներով, որոնցով նա հայտնաբերում էր խնդիրն ու վերացնում այն: Այդ ժամանակից հիացած եմ գիտությամբ ու տեխնոլոգիայով:

 

 

Ի սկզբանե ինձ գրավեց աստղագիտությունը՝ անհայտ տիեզերքը, հսկա, անբացատրելի մեխանիզմը, որով այն կառավարվում է: Այնուհետեւ ուշադրությանս կենտրոնում քաղաքացիական ինժեներիան էր, ճարտարապետությունը: Այս ընթացքում ես հասկացա, որ ինժեները, գեղեցիկ շինություններ ու միջավայր կառուցելու համար, պետք է իմանա ֆիզիկայի օրենքներն ու նյութերի հատկությունները:

 

 

Հաջորդիվ ուշադրությանս կենտրոնում կենսաբանությունն էր, ես բացահայտում էի բնությունը, դրա բարդ համակարգը: Ինչ-որ պահի հասկացա՝ ցանկանում եմ գիտությամբ զբաղվել ու որոշեցի սովորել կենսաբանություն: Ես ուզում էի գիտնական դառնալ, հայտնագործություններ անել:

Ասպիրանտուրայի ընթացքում ուսումնասիրում էի փայլուն գիտնականների գործունեությունը, որոնք ամեն կերպ փորձում էին առավել լավ օգտագործել, լիովին իրացնել իրենց ներուժը: Գուցե, նրանք աշխատում էին ոչ ճիշտ նախագծերի վրա, կա՛մ սխալ ղեկավար ունեին, կա՛մ սխալ միջավայրում էին, բայց նրանց չէր հաջողվում լիովին օգտագործել իրենց ներուժն ու նրանք հետքայլ էին անում: Ինքս ինձ հարցնում էի՝ ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց: Այդ շրջանում գիտակցեցի՝ գիտությամբ զբաղվելուց բացի, իմ առաքելությունը, կամ այն, ինչով ուզում եմ զբաղվել կյանքում՝ գիտությանն աջակցելն ու հնարավորություններ տալն է:

 

 

Մինչ իմ գործունեությանն անցնելը, ցանկանում եմ ձեզ ներկայացնել Վերինա Մոհաբին:

Նա 2019թ.-ին կազմակերպված «MOSAiC» գիտական հետազոտական առաքելության լոգիստիկ ղեկավարն է: Այս առաքելության շրջանակներում մոտ 300 բազմապրոֆիլ գիտնական սառցահատով մեկնել է Արկտիկա՝ տեղում տարատեսակ գիտական հետազոտություններ անցկացնելու: Պատկերացրեք հսկա սառցահատ, որն ավելի քան մեկ տարի լողում է Արկտիկայում՝ սառույցների մեջ: Դրա վրա եղած գիտնականները սովոր չէին ապրել նման պայմաններում, առավել եւս՝ աշխատել, հետազոտություններ անել: Այնտեղ շատ ցուրտ էր, մութ էր, դու կարող էիր կորցնել սառույցը հալեցնելու սարքավորումներդ, կամ աշխատելու ընթացքում հանդիպել բեւեռային արջի:

 

 

Այս բոլոր փորձություններն առաջին հերթին Վերինա Մոհաբի համար էին, որի առաքելությունն էր՝ ապահովել խմբի անվտանգությունը: Վերինան սովորեցնում էր գիտնականներին՝ ինչպես հաղթահարել դժվարությունները, հոգեբանական աշխատանք էր տանում նրանց հետ: Նա նույնիսկ ապահովում էր, որ բեւեռային արջերը չմոտենան հետազոտություններ անող գիտնականներին: Արդյունքում նրա աշխատանքը նպաստեց, որպեսզի հավաքագրվեն գիտական տվյալներ, օրինակ, գլոբալ տաքացման վերաբերյալ: Զարմանալի չէ, որ «Nature» ամսագիրը նրան ընդգրկեց 2020թ.-ին գիտության մեջ ներդրում ունեցած ամենաազդեցիկ մարդկանց տասնյակում:

 

 

Վերադառնալով ինձ՝ կարծում եմ, որ գիտնականներն առհասարակ նույն իրավիճակում են, ինչ ես նկարագրեցի Արկտիկայի առաքելության դեպքում: Դուք դիմակայում եք բազմաթիվ մարտահրավերների, ռիսկերի, անհաջողությունների: Ու աշխատանքի նպատակը, որը ես անում եմ վերջին 27 տարիների ընթացքում, աջակցելն ու առաջնորդելն է գիտնականներին ու գիտական խմբերին: Ես, ինչպես Վերինան, փորձում եմ ապահովել գիտնականների անվտանգությունը: Սա բարդ է, ու միշտ չէ, որ հաջողվում է: Բայց սա կարեւոր է, որովհետեւ արդյունքում դու տեսնում ես մարդկանց, որոնք կարողացել են առավել արդյունավետ օգտագործել իրենց ներուժը, որոնք զարգացել են, դարձել հզոր գիտնականներ, հզոր առաջնորդներ: Կարելի է ասել, որ աշխատանքս մարդկանց մենեջմենթի մասին է, բայց սա ավելին է. սա ճիշտ միջավայր ու պայմաններ ստեղծելու մասին է, որում գիտությունը կկարողանա զարգանալ ու հաջողություններ գրանցել:

 

 

Գիտության մեջ եղած ներուժն առավել արդյունավետ օգտագործելու համար ես երեք հիմնական տարր կառանձնացնեմ։

Առաջին ու ամենակարևոր կետերից մեկը մարդկանց մասին է: Պետք է ճիշտ մտածելակերպ ու ճիշտ հմտություններ ունեցող մարդկանց ներգրավել ճիշտ պահին, ճիշտ նախագծում ու ճիշտ համատեքստում: Հեշտ է ասել, բայց անելը դժվար է ու, ինչպես ասացի, միշտ չէ, որ հաջողվում է:

 

 

Մարդուն հնարավորություն ես տալիս լիովին իրացնել իր ներուժը՝ նրան ճիշտ տեղում ներգրավելով: Ձեւակերպում ես մարտահրավեր, մնացածն անում է ինքը՝ գիտնականը:

Առաջին անգամ ես Հայաստան եկա 4-5 տարի առաջ եւ մարդկանց մեծ եղած ներուժն այն գործոնն էր, որ ամենից շատ տպավորեց ինձ: Հենց այդ ներուժն ու գիտական անցյալը նպաստեցին, որ աշխատենք այստեղ, փորձենք բազմապատկել եղածը:

 

 

Երկրորդ տարրը ճիշտ միջավայրն է: Ո՞րն է այն: Այո՛, ձեզ պետք են ենթակառուցվածքներ, բայց միջավայր ասելով՝ առավել շատ շրջապատող մարդկանց նկատի ունեմ: Թիմում ձեզ պետք են տարբեր մտածողություն ունեցող մարդիկ՝ ստեղծագործ մարդիկ, պրագմատիկներ, մարդիկ, որոնք կարողանում են կապեր հաստատել: Մարդկանց, մտածելակերպերի այս խառնուրդն է, որ հնարավորություն է տալիս հաջողության հասնել: Բացի այդ, գիտնականները պետք է լինեն անվտանգ միջավայրում, որը նպաստում է, որ նոր գաղափար ծնվի: Այո՛, կոնֆլիկտներ եւս պետք են, բայց դրանք պետք է կառուցողական, գիտական կոնֆլիկտներ լինեն: Շատ գիտնականներ ինտրովերտ են, այնպես որ, պետք է ձեւավորել այնպիսի միջավայր, որում իրենք ապահով կզգան ու կարտահայտեն իրենց գաղափարները:

 

 

Երրորդ բաղադրրիչը գործիքներն ու հմտություններն են: Ակնհայտ է՝ պետք է լինեն բազմապրոֆիլ գիտելիքներ, արդեն ասացի մարդկանց բազմազանության մասին, բայց գիտությունը նաեւ կարգապահության մասին է. ամեն ինչ պետք է տեղի ունենա ճիշտ պահին, ճիշտ ձեւով, ճիշտ հանգամանքներում:

Եվ վերջում, գիտության զարգացմանը նպաստելու համար դուք հմտությունների, բազմազան մարդկանց ներգրավելու ու ճիշտ միջավայր ստեղծելու կարիք ունեք, բայց միայն ամբողջացնելով այս գործոնները՝ կկարողանաք հասնել ցանկալի արդյունքի:

Այնպես որ, խիզախե՛ք աջակցել գիտությանը:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

«PMIScience»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: